Նորություններ
Գերմանիայում անդրադարձել են «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերության հետ հնարավոր համագործակցության հեռանկարներին
18/09/2017ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Ն.Գ. պարոն Աշոտ Սմբատյանը և ՔԱԳՎ թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը սեպտեմբերի 15-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաքում հանդիպել են «Լյուֆթանզա գրուպ» ընկերության Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների հարցերով գլխավոր տնօրեն Ռոլանդ Շուլցի և «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերության Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների հարցերով փոխնախագահ Դմիտրի Զայցևի հետ:
Հանդիպման ընթացքում Սերգեյ Ավետիսյանը ներկայացրել է ՀՀ քաղաքացիական ավիացիայում արձանագրած ցուցանիշները, ներկա դինամիկան և անդրադարձել է գերմանական ընկերության հետ հնարավոր համագործակցության հեռանկարներին:
Դմիտրի Զայցևն իր հերթին ներկայացրել է «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերության կողմից իրականացվող գործունեությունը, այդ թվում նաև՝ ընկերության օտարերկրյա պետություններում գտնվող արտադրական հզորությունները:
Հանդիպմանը քննարկվել են նաև նշված ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում գործունեության ծավալման հնարավորությունների վերաբերյալ մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև հետագա աշխատանքների կատարման ընթացքին: