Նորություններ
Երևանում անցկացվել է Օդային երթևեկության կազմակերպման արևելյան խմբի 24-րդ հանդիպումը
27/09/2017ՀՀ քաղաքացիական ավիացիայի «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության հրավերով՝ 2017 թվականի սեպտեմբերի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը (ԻԿԱՕ) Երևանում անցկացրել է Օդային երթևեկության կազմակերպման արևելյան խմբի (Air Traffic Management Group East (ATMGE)) 24-րդ հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցել են ԻԿԱՕ-ի արևելյան անդամ-պետությունների, ինչպես նաև՝ հայտնի ավիացիոն միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության Օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Գալուստ Պողոսյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին և հյուրերին, նշել է. «ԻԿԱՕ-ն, հանդիսանալով անվտանգ թռիչքների հիմք, մշտապես համագործակցում է բոլոր գործընկերների հետ՝ թռիչքային և ավիացիոն անվտանգության արդյունավետության բարձրացման նպատակով»:
Օդային երթևեկության կազմակերպման արևելյան խմբի հանդիպման հիմնական նպատակն է բարձրացնել Օդային երթևեկության կազմակերպման անվտանգության մակարդակը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են ոլորտի առկա խնդիրները, մշակվել են նոր մոտեցումներ և գաղափարներ, ինչպես նաև՝ աերոնավիգացիոն ծառայություններ մատուցողներն իրենց փորձը կիսել են մասնակից երկրների և միջազգային ավիացիոն կազմակերպությունների փորձագետների հետ:
Տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետությունն ԻԿԱՕ-ի անդամ է դեռևս 1992 թվականից:
Հավելենք նաև, որ 2015 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիան գերազանց ցուցանիշներով անցել է կազմակերպության կողմից սահմանված թռիչքային անվտանգության վերահսկողությունը: