Նորություններ
Սերգեյ Ավետիսյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարար Անատոլի Սիվակին
30/06/2017
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր՝ հունիսի 30-ին, ընդունել է Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարար Անատոլի Սիվակի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում Սերգեյ Ավետիսյանը և Անատոլի Սիվակը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև առկա օդային հաղորդակցությունների հնարավոր ընդլայնումը՝ նախաձեռնելով երկու երկրների միջև գործող ավիացիոն ոլորտի միջազգային համաձայնագրի վերանայման գործընթացը:
ՔԱԳՎ պետը բելառուս գործընկերոջ հետ անդրադարձ են կատարել նաև Սոչիում կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 7-րդ խորհրդակցությանը քննարկված և համաձայնության արժանացած համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրագործման հիմնական ուղղությունների և փուլերի իրագործման «ճանապարհային քարտեզին», ինչպես նաև` մի շարք այլ հարցերի:
Պարոն Ավետիսյանը, խոսելով երկու երկրների օդային հաղորդակցության մասին, ողջունել է բելառուսական «Բելավիա» ավիաընկերության՝ հայկական շուկայում Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով ուղիղ չվերթների վերսկսումը:
Հանդիպման ավարտին պարոն Սիվակը ՔԱԳՎ պետի և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի ուղեկցությամբ շրջայց է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում, ծանոթացել՝ օդանավակայանի ենթակառուցվածքներին և ծառայությունների աշխատանքներին:
Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 24-ից բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը վերսկսել է ուղիղ թռիչքներ իրականացնել Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով: Թռիչքներն իրականացվում են շաբաթական երկու անգամ հաճախականությամբ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին: