Նորություններ
ՔԱԳՎ պետն ամփոփել է տարին
26/12/2017Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ամփոփել է տարին:
ՔԱԳՎ պետը նախ անդրադարձել է տարվա ընթացքում ոլորտում արձանագրած ցուցանիշներին: Համաձայն դեկտեմբերի 25-ի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2 մլն 495 հազար 5 հարյուր մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 21.1 տոկոսով: ՀՀ օդանավակայաններում դեկտեմբերի 25-ի դրությամբ իրականացվել է 10 հազար 752 թռիչք-վայրէջք՝ 18.2 տոկոսով գերազանցելով 2016 թվականին գրանցած ցուցանիշը:
ՔԱԳՎ պետն անդրադառնալով ՀՀ օդային մայրուղիներում իրականացված չվեթներին՝ նշել է, որ դեկտեմբերի 25-ի դրությամբ իրականացվել է 53 հազար 270 հատ չվերթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 39.9%-ով: 2016 թվականի վերը նշված ժամանակահատվածում ՀՀ օդային մայրուղիներում սպասարկվել է 38 հազար 83 հատ չվերթ:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 20 հազար 573 տոննա ապրանք, ինչը 2016 թվականի ցուցանիշը գերազանցել է 29.8%-ով:
Սերգեյ Ավետիսյանը խոսել է նաև ոլորտում իրականացրած ծրագրերի մասին: Մասնավորապես, նշել է, որ 2017 թվականին Գյումրու «Շիրակ» օդանավակայանի շենքային պայմանների, ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման նպատակով կնքվել է շուրջ 845 մլն ՀՀ դրամի ներդրումային աշխատանքների պայմանագիր: Իրականացված ներդրումների արդյունքում օդանավակայանի բոլոր համալիրներում տեղադրվել են նոր ապակիներ, մոնտաժվել է կաթսայատան և ջեռուցման համակարգը:
ՔԱԳՎ պետը նշել է նաև, որ դեկտեմբերի 7-ից Հայաստանում ներ է դրվել «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք»-ի հայեցակարգը միայն գիշերային ժամերի համար, համաձայն որի՝ ավիաընկերությունները հնարավորություն կունենան ՀՀ օդային տարածք մուտք գործել յուրաքանչյուր սահմանված կետից և չվերթն իրականացնել ազատորեն ընտրված երթուղով, ինչը կարող է կրճատել չվերթների իրականացման ծախսերը՝ էապես նվազեցնելով վառելիքի ծախսը: Սերգեյ Ավետիսյանը տեղեկացրել է, որ 2018թ-ին նախատեսվում է հայեցակարգի ներդրում 24 ժամյա ռեժիմով: Ներդրումից հետո հայեցակարգը կգործի Հայաստանի ամբողջ օդային տարածքում առանց ժամային սահմանափակումների և կիրառելի կլինի տարանցիք թռիչքների համար:
Սերգեյ Ավետիսյանը նշել է նաև, որ այս տարվանից ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ում հնարավորություն է ընձեռվել մասնակցել մասնավոր օդաչուի պատրաստման դասընթացներին և ստանալ Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ICAO) կողմից սահմանված պահանջներին համապատասխանող մասնավոր օդաչուի վկայական (PPL), որը նոր նախադրյալներ կստեղծի Հայաստանում՝ միտված ընդհանուր նշանակության և փոքր ավիացիայի զարգացմանը:
Պարոն Ավետիսյանը, ոլորտի որպես կարևոր ձեռքբերում, առանձնացրել է նաև նոյեմբերի 24-ին Բրյուսելում նախաստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին Համաձայնագիրը, որի շուրջ բանակցություններ վարելու մանդատը Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական խորհդի կողմից ստեցել էր 2016թ. դեկտեմբերի 1-ին: Համաձայնագիրը հայկական ավիաընկերությունների համար ԵՄ ներքին շուկայից առանց սահմանափակումների օգտվելու հնարավորություն է ստեղծում, իսկ ԵՄ ավիաընկերությունների համար՝ հայկական շուկայից երրորդ պետություններ մեկնելու հնարավորություն: Համաձայնագրով ավիաընկերությունների համար ստեղծվելու է կանխատեսելի միջավայր, ինչպես նաև՝ Հայաստանում ներդրվելու են քաղավիացիայի ոլորտի բոլոր այն ստանդարտները և կարգավորումները, որոնք ԵՄ երկրներում արդեն գործում են:
Տարվա ընթացքում ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից մշակվել է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը: Օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ հստակեցվել են փոքր ավիացիայի տարատեսակները և փոքր ավիացիայում օգտագործվող որոշ օդանավերի կարգավորման առանձնահատկությունները, ներքին չվերթների խրախուսման նպատակով պարզեցվել են ներքին օդանավակայանների սերտիֆիկացման ընթացակարգերը, հստակեցվել են օդանավ շահագործող կազմակերպությունների մասնակիցների մասնակցության վերաբերյալ որոշիչ առանձնահատկությունները, Գլխավոր վարչության կողմից տրամադրվող թույլտվությունների, վկայականների, սերտիֆիկատների գործողության կասեցման հիմքերը և այլն:
ՔԱԳՎ պետը, խոսելով ոլորտում սպասվող իրադարձություններից, նշել է, որ դեկտեմբերի 27-ից Turkmenistan Airlines ավիաընկերությունը մեկնարկելու է Աշխաբադ-Երևան-Ֆրակնֆուրտ կանոնավոր չվերթները, իսկ 2018 թվականից «Արմենիա» ավիաընկերությունը սկսկելու է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Լիոն և Քյոլն:
Սերգեյ Ավետիսյանը նաև նշել է, որ 2018թ-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կգործի նոր մասնագիտացված ծառայություն, որի նպատակը սահմանափակ շարժունակությամբ ուղևորներին օժանդակելն է: Հատուկ ուսուցում անցած ծառայության աշխատակիցներն ամբողջական օժանդակություն կցուցաբերեն համապատասխան ուղևորներին:
ՔԱԳՎ պետը տարեվերջյան ասուլիսն ավարտել է շնորհավորանքով՝ մաղթելով ուրախ տարի, անփորձանք թռիչքներ և խաղաղություն: