Նորություններ
ՔԱԳՎ պետն ընդունել է Brussels Airlines ավիաընկերության փոխնախագահի գլխավորած պատվիակությանը
28/02/2018ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Brussels Airlines բելգիական ավիաընկերության փոխնախագահ պարոն Հերման Կարպենտյերի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ավիաընկերության կողմից Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղու շահագործման վերսկսման հարցը:
Պարոն Կարպենտյերը տեղեկացրել է, որ ավիաընկերությունը լրջորեն քննարկում է երթուղու շահագործման հնարավորությունը, հատկապես հաշվի առնելով, որ վերջին տարիներին ՀՀ ավիաշուկայում տեղի ունեցող դրական զարգացումները և ուղևորահոսքի աճի տեմպը կարող են դրական ազդել ավիաընկերության կողմից ՀՀ-ից կենտրոնական Եվրոպա կապող երթուղու շահավետության ապահովման վրա:
Սերգեյ Ավետիսյանն իր պատրաստակամությունն է հայտնել ավիաընկերությանը ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն չվերթների կազմակերպման հարցում՝ նշելով, որ ավիացիայի ոլորտում Հայաստանի և Բելգիայի միջև ապահովված է անհրաժեշտ իրավական դաշտ չվերթների բնականոն շահագործման համար, ինչպես նաև վերջերս նախաստորագրված ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրման դեպքում ավիաընկերության համար կստեղծվեն առավել նպաստավոր պայմաններ երթուղիների ցանցի ընլայնման համար:
Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ միջազգային օդանավակայանների մենեջեր Մարսելո Վոնդեն, ով ևս իր աջակցությունն է առաջարկել ավիաընկերությանը չվերթների կազմակերպման հարցում:
Գլխավոր վարչությունը կազմակերպել է նաև ավիաընկերության պատվիրակության հանդիպումները բոլոր շահագրգիռ կողմերի և ծառայությունների հետ՝ տեխնիկական հարցերի քննարկման նպատակով: