Նորություններ
Տեղի է ունեցել Երևան-Լիոն-Երևան երթուղու մեկնարկի շնորհանդեսը
23/04/2018«Զվարթնոց» միաջազգային օդանավակայնում այսօր՝ ապրիլի 23-ին, տեղի է ունեցել հայկական ավիափոխադրող «Արմենիա» ավիաընկերության Երևան-Լիոն-Երևան երթուղու մեկնարկի շնորհանդեսը:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, խոսելով չվերթի մասին, նշել է, որ այն մշտապես պահանջված է եղել՝ հաշվի առնելով Ֆրանսիայի Լիոն քաղաքում առկա մեծ հայկական համայնքը:
Սերգեյ Ավետիսյանը հավելել է նաև, Երևան-Լիոն-Երևան երթուղով իրականացվող չվերթներն իրենց տեղը կգտնեն մեր շուկայում և կլրացնեն շուկայում առկա բացը, ինչպես նաև զբոսաշրջիկներին հնարավորություն կընձեռեն այցելել մեր երկիր:
Չվերթի շնորհանդեսին իրենց ողջույնի խոսքով են հանդես եկել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերը և Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը:
Հիշեցնենք նաև, որ ապրիլի 19-ից մեկնարկած Երևան-Լիոն-Երևան երթուղով կանոնավոր չվերթներն իրականացվում են Boeing 737 տիպի օդանավերով, շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Չվերթի տևողությունը 4 ժամ 10 րոպե է: