Նորություններ
Ռուսաստան-Հայաստան օդային փոխադրումների ներկայիս վիճակի մասին տեղեկատվություն
26/06/2019Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում կայացել է հանդիպում դեպի ՀՀ կանոնավոր փոխադրումներ իրականացնող ռուսական ավիաընկերությունների և տեղական «Ավիակոմպանիա Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել է ռուս-վրացական օդային փոխադրումների ոլորտում ստեղծված ներկայիս իրավիճակը, Հայաստանի տարածքով նշված ուղևորահոսքերի սպասարկման, չվերթերի ավելացման և ավելի տարողունակ օդանավերի ներգրավման հնարավորությունները:
ՏԵղեկացնում ենք, որ ներկայումս Ռուսաստանից դեպի Հայաստան 9 ուղղություններով կանոնավոր չվերթեր են իրականացնում թվով 11 ռուսական ավիաընկերություն, որոնցից 6-ը՝ Ուրալյան ավիաուղիներ, Պոբեդա, Աերոֆլոտ, Սիբիր, Նորդավիա և Ռեդ Վինգս ավիաընկերությունները չվերթեր են իրականացնում նաև Ռուսաստանից Վրաստան:
Քննարկմանը մասնակցող ավիաընկերությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրավիճակի շուրջ իրենց ավիաընկերությունների նախատեսվող քայլերը, մասնավորապես.
«Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը հուլիսի 8-ից նախատեսում է ավելացնել չվերթների հաճախականությունը Թբիլիսի-Երևան և հակառակ ուղություններով օրական 2 անգամ, ինչպես նաև թռիչքներ իրականացնել Երևան-Մոսկվա և հակառակ ուղություններով օրական 2 անգամ: «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը տնօրենը հավելեց, որ նախատեսում է չվերթներ իրականացնել Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Բաթումի-Գյումրի ուղություններով:
«Աերոֆլոտ» ավիաընկերության ներկայացուցիչը նշեց, որ իրենք պատրաստ են Վրաստանից դեպի Ռուսաստան ավիատոմսերը անվճար փոխանակել ՀՀ-ից իրականացվող չվերթերի ուղևորատոմսերով: Նա նաև հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում է ավելացնել դեպի ՀՀ փոխադրումների հաճախականությունը:
«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության ներկայացուցիչը նշեց, որ քննարկվում են տարբերակներ Վրաստանում առկա ուղևորահոսքը Թբիլիսիից և Բաթումիից հայկական ավտոբուսներով Երևան փոխադրելու և այնուհետև ավիաընկերության օդանավերով դեպի Ռուսաստան տեղափոխելու շուրջ: Հարկ է նշել, որ Ռուսաստանից Վրաստան թռիչքների 60% իրականացնում է «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը: Նա նաև հայտնեց, որ հուլիս ամսից ավիաընկերությունը նախատեսում է շաբաթական 7 հաճախականությամբ չվերթեր ավելացնել դեպի Մոսկվա, որոնք կկատարվեն Մոսկվայի «Ժուկովսկի» օդանավակայանից, ինչպես նաև 2 չվերթ շաբաթական հաճախականությամբ կավելացվի Սանկտ Պետերբուրգից Երևան չվերթերի քանակը: Ներկայացուցիչը նշեց, որ նախատեսվում է նաև թռիչքներ իրականացնել Գյումրիի օդանավակայանից:
«Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցիչը հայտնեց, որ իրենք ցանկանում են բանակցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության հետ՝ Ռուսաստանից դեպի Գյումրի փոխադրված ուղևորներին երկաթգծով դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ փոխադրելու շուրջ: Նման փոխադրում նախատեսում են նաև իրականացնել ավտոբուսներով:
«Սիբիր» ավիաընկերության ներկայացուցիչը նշեց, որ առաջիկայում կներկայացնեն դեպի ՀՀ կանոնավոր չվերթերի հաճախականությունների ավելացման նոր հայտեր:
Հավելենք, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է իր պատրաստակամությունը սեղմ ժամկետներում արձագանքել և հնարավոր աջակցություն ցուցաբերել տեղական և այլ ավիաընկերություններին նման փոխադրումների թույլտվությունների տրամադրման հարցում: