Նորություններ
Օդաչուի անվճար կրթության բացառիկ հնարավորություն
15/01/2020Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի բարձրագույն քաղաքացիական ավիացիայի ինստիտուտում /այսուհետ՝ ՈՒԻՔԱ/ հայտարարվում է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելություն «Քաղաքացիական օդանավերի թռիչքային շահագործում» մասնագիտությամբ /25.03.03/, որին կարող են դիմել Հայաստանի Հանրապետությունում բնակվող այն քաղաքացիները /արական, իգական /, ովքեր նվազագույնը՝ հանդիսանում են հանրակրթական դպրոցների շրջանավարտներ, ավարտական դասարաններում սովորող աշակերտներ, ունեն միջնակարգ կրթություն:
Դիմորդները պետք է ներկայացնեն.
• դիմում` մրցույթին մասնակցելու համար,
• մոտիվացիոն նամակ՝ նշելով ծրագրին մասնակցելու նպատակները և ակնկալվող արդյունքները,
• անձնագրի պատճեն /եթե ունեն երկքաղաքացիություն, հարկավոր է ներկայացնել 2 անձնագիր/
• ՈՒԻՔԱ-ի կողմից ներկայացված հարցաթերթիկ՝ լրացված համակարգչային շարվածքով և վերևի աջ անկյունում փակցված նկարով,
• հանրակրթական դպրոցների ավարտական դասարանի դիմորդները պետք է ներկայացնեն վերջին 2.5 տարիների առաջադիմության թերթիկ, իսկ շրջանավարտները՝ ընդհանուր կրթության վկայական /ատեստատ, դիպլոմ/ նոտարական գրասենյակի կողմից ռուսերեն թարգմանված:
• արական սեռի անձիք հարկավոր է ներկայացնեն զինգրքույկի պատճեն, դրան փոխարինող կցագրման վկայական կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
• պոլիկլինկայից բժշկական տեղեկանք ընդհանուր առողջության վերաբերյալ 086У կամ 286У ձևաչափով /ռուսերեն լեզվով/
• բժշկական տեղեկանք ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի վերաբերյալ /ռուսերեն լեզվով/
• տեղեկանք հոգեբուժական դիսպանսերից /ռուսերեն լեզվով/
• տեղեկանք նարկոլոգիական դիսպանսերից /ռուսերեն լեզվով/
• 3x4 չափի 8 գունավոր լուսանկար
Դիմորդներն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո և համապատասխան տվյալներ ունենալու դեպքում մրցութային քննություններ կհանձնեն մաթեմատիկա /ռուսերեն լեզվով/ և ֆիզիկա /ռուսերեն լեզվով/ առարկաներից:
Քննության արդյունքում բարձր առաջադիմություն ցուցաբերած դիմորդներն կանցնեն բանավոր հարցազրույց:
Մրցույթի ընթացքում ընտրված լավագույն դիմորդները պետք է անցնեն վճարովի նախնական բուժզննում «Ավիաբուժ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում սահմանված առողջական նորմերին համապատասխանելու համար: Նույն ձևաչափի բուժզննում հարկավոր է անցնել ՈՒԻՔԱ-ում, ինչպես նաև հոգեբանական թեստավորում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև 2020 թվականի փետրվարի 7-ը՝ ժամը 12:00-ը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ (հասցե՝ ք. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան):
Ընդունելության հետ կապված ամբողջական տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել (060) 37-35-47 հեռախոսահամարով: