«Ավիաբուժ» բժշկական կենտրոն ՓԲԸ
Գործադիր տնօրեն՝ Լիլիթ Ղազարյան
armaviamed@rambler.ru
+374 60-37-31-34, +374 10-23-90-14
ք. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Հայաստանի ԽՍՀ –ում 1940-ական թվականների վերջում քաղաքացիական ավիացիայի թռիչքային ջոկատի կազմավորումից հետո, 1952թ ստեղծվեց բժշկա-սանիտարական մասը, որը համալրված էր միայն թռիչքաջոկատի բժշկի, ստոմատոլոգի և միջին բժշկական անձնակազմի հաստիքներով: Հետագայում բժշկա-սանիտարական մասում 1965թ. ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրամանով ձևավորվեց Հայաստանի բժշկա-թռիչքային փորձաքննության հանձնաժողովը /ԲԹՓՀ/, որի կազմը համալրված էր բոլոր նեղ ավիացիոն բժշկական մասնագետներով:
1993թ քաղաքացիական ավիացիայի բժշկա-սանիտարական մասի հիման վրա ստեղծվեց «Հայավիաբուժ» պետական ձեռնարկությունը, որը Հայաստանի Հանրապետության կառավարության 16.12.2000թ. թիվ 828 որոշման և ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 09.01.2001թ. թիվ 3 հրամանի հիման վրա «Զվարթնոց» ՄԳ ՓԲԸ առանձնացման ճանապարհով վերակազմավորվեց «Ավիաբուժ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության:
Իր գործունեության ամբողջ ընթացքում քաղաքացիական ավիացիայի բժշկական ծառայությունը ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում կատարվող իրադարձությունների ժամանակ: Բժշկական անձնակազմը մասնակցել է 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի փրկարարական աշխատանքներին, 1989-1990թթ. բժշկական կենտրոնի բժիշկները պարբերաբար գործուղվել են Լեռնային Ղարաբաղ և տեղի բնակչությանը ցուցաբերել բժշկական օգնություն:
Ներկայումս «Ավիաբուժ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունը արդիական բժշկական սարքավորումներով հագեցած և բարձրակարգ ավիացիոն բժշկության մասնագետներով համալրված կազմակերպություն է, որը բացի ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ստացված բժշկական գործունեության լիցենզիայի, 1993թ. սկսած, հինգ տարին մեկ անգամ, մինչև 2015թ. հավաստագրվում էր նաև Միջպետական Ավիացիոն Կոմիտեի կողմից` ստանալով հավաստագիր, որը տալիս էր իրավունք զբաղվելու ավիացիոն բժշկությամբ: Այդ իրավունքը ԱՊՀ պետությունների նմանատիպ ձեռնարկություններից առաջինը շնորհվել է «Ավիաբուժ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությանը: 2011-2012թթ. ընկերության ավիացիոն բժիշկները Իսպանիայից ժամանած մասնագետների կողմից վերապատրաստում են անցել JAR-FSL-3 ծրագրով և ստացել ավիացիոն բժշկության Եվրոպական ստանդարտներին համապատասխան հավաստագրեր: 2015 թվականին համապատասխանության հավաստագիրը «Ավիաբուժ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունը ստացել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից:
«Ավիաբուժ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունը հանդիսանում է Միջպետական Ավիացիոն Կոմիտեի կոորդինացիոն-խորհրդատվական ավիաբժշկական խորհրդի անդամ և յուրաքանչյուր տարի ակտիվ մասնակցում է այդ խորհրդի կողմից կազմակերպվող նիստերին և կոնգրեսներին:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Քաղաքացիական ավիացիայի բնագավառում Ընկերության գերակա և առաջնային խնդիրն է թռիչքների բժշկա-սանիտարական անվտանգության կազմակերպումը և ապահովումը: Այդ գործընթացը կազմակերպելու նպատակով Ընկերությունը կատարում է հետյալ գործառույթները`
1.Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգության բժշկական ապահովման կազմակերպում,
2. թռչող և կարգավարական աձնակազմի և ավիացիոն այլ մասնագետների բժշկական փորձաքննություն,
3. թռչող անձնակազմի, կարգավարների և վարորդների նախաթռիչքային, նախահերթափոխային բժշկական հսկողություն,
4. ամբուլատոր բժշկական գործունեություն,
5. մասնագիտական հիվանդությունների վաղ հայտնաբերում և կանխարգելում,
6. հիգիենիկ հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում դեռատիզացիոն, դեզինֆեկցիոն և դեզինսեկցիոն աշխատանքներ օդանավակայանում գտնվող կազմակերպությունների տարածքում և օդանավերի սրահում,
7. ջրի և սննդի մանրէաբանական հետազոտություն,
8. անհետաձգելի առաջին բժշկական օգնություն օդանավակայանի աշխատակիցներին և ուղևորներին,
9. մասնակցում է որոնողական և վթարա-փրկարարային աշխատանքների կազմակերպման:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Ընկերությունը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական /աշխատանքի ընդունվելիս/ և պարբերական բժշկական զննության մասին» ՀՀ Կառավարության 15.07.2004թ. թիվ 1089-Ն որոշումով, «Բժշկական զննման արդյունքում ՀՀ քաղաքացիական ավիացիայի բնագավառում բժշկական հավաստագրերի հատկացման մասին» ՀՀ ԿԱ ՔԱԳՎ պետի թիվ 302-Ն հրամանով հաստատված կարգով, ՀՀ ԿԱ ՔԱԳՎ պետի թիվ 301-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատությունների քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված պահանջներին համապատասխանության վկայականներ տրման կարգ»:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից 2015 թվականի հունիսի 04-ին ՔԱԳՎ պետի թիվ 129-Ա հրամանի հիման վրա տրված Համապատասխանության Վկայական համար 1, որը հավաստում է «Ավիաբուժ» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի համապատասխանությունը Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ICAO) Ավիացիոն բժշկության ձեռնարկով (Դոկ 8984) և Եվրամիության խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 1178/2011` «Քաղաքացիական ավիացիայի անձնակազմին վերաբերվող տեխնիկական պահանջներ և վարչական ընթացակարգեր» կանոնակարգի Փարտ-Մեդ-ի (Part-Med), Փարտ-ԱՐԱ-ի (Part-ARA), Փարտ-ԳՐԱ-ի (Part-ORA) դրույթներով սահմանված բժշկական հաստատություններին ներկայացվող քաղաքացիական ավիացիոն բժշկության միջազգային պահանջների:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տարածքում միակ բժշկական կազմակերպությունը, որը զբաղվում է ավիացիոն բժշկությամբ և երկար տարիներ հավաստագրվում է միջազգային կազմակերպությունների կողմից: Ընկերությունը բժշկական զննման արդյունքում հատկացնում է պիտանի լինելու հավաստագրեր թռչող և կարգավարական անձնակազմին, նաև անցկացնում է բժշկական զննում ավիացիոն այլ մասնագետներին:
Ներկայումս Ընկերությունը շուկայում չունենալով մրցակիցներ լիովին ապահովում է պահանջարկը և ՀՀ քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգության բժշկա-սանիտարական գործընթացը: «Ավիաբուժ» բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը մեծ դեր է կատարում վթարա-փրկարարային միջոցառումների ժամանակ: Ապահովում է ոչ միայն անհրաժեշտ անհետաձգելի օգնության ամբողջ ծավալ, այլ նաև կազմակերպում է ծառայությունների համագործակցված աշխատանք, որոնողական և վթարա-փրկարարային աշխատանքների կազմակերպման ժամանակ: Տարեց տարի ավելի մեծ ուշադրություն է դարձվում քաղացիական պաշտպանության պահանջների, վթարա-փրկարարային աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: Ողջ անձնակազմը գործող պլանի համաձայն պարբերաբար վերապատրաստվում է Արտակարգ իրավիճակների նախարարության կաղմից կազմակերպված ընթացիկ պարապմունքներին:
«Ավիաբուժ» ԲԿ ՓԲ ընկերությունը համալրված է թռչող և կարգավարական անձնակազմին բժշկական զննում ապահովող ավիաբժշկական փորձագետով /ԱԲՓ/:
ԱԲՓ 3- Ռիտա Մովսեսյան
ԱԲՓ 4- Էլեոնորա Մարտիրոսյան
ԱԲՓ 5- Տիգրան Սահակյան