Նորություններ
ՔԱԳՎ պետի տեղակալն ընդունել է «Քիշ էյր» ավիաընկերության տնօրենին
18/07/2017Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանն այսօր՝ հուլիսի 18-ին, ընդունել է իրանական «Քիշ էյր» ավիաընկերության տնօրեն հրամանատար Ջադիդիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Պարսից ծոցում գտնվող Քիշ կղզուց դեպի Հայաստանի Հանրապետություն, մասնավորապես՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կանոնավոր չվերթներ իրականացնելու հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչներն ավիաընկերության ներկայացուցիչներին առաջարկել են քննարկել նաև դեպի Գյումրու «Շիրակ» օդանավակայան թռիչքներ իրականացնելու հնարավորությունը:
Տեղեկացնենք, որ 2017 թվականի հունիսի 22-ից «Քիշ էյր» ավիաընկերությունը շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ոչ կանոնավոր չվերթներ է իրականացնում Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով:
Հիշեցնենք նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն կարող են մուտք գործել առանց մուտքի արտոնագրի: