Նորություններ
ՔԱԳՎ պետն ԱՄԷ-ում քննարկումներ է ունեցել ավիացիոն ոլորտի մի շարք հարցերի շուրջ
23/03/2017Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) այցի ժամանակ «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան բին Սայիդ Ալ Մանսուրիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև օդային հաղորդակցությունների մասին միջկառավարական համաձայնագրի արդիականացման և ազատականացման հարցը: Արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ երկու պետությունների ավիացիոն իշխանությունների և դեսպանատների աշխատակիցների ներգրավվածությամբ առաջիկայում բանակցություններ սկսել համաձայնագրի նոր տեքստի շուրջ։
ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն այցի շրջանակներում հանդիպել է նաև Flydubai ավիաընկերության փոխնախագահ Սուդիր Սրեդարանի հետ։
Վերջինս ողջունել է Հայաստանի և Էմիրությունների միջև վիզայի ազատականացումը, ինչպես նաև՝ իր ոգևորությունն է արտահայտել Պարսից ծոցի երկրներում բնակվող Հնդկաստանի քաղաքացիների համար դյուրացված կարգով Հայաստան մուտք գործելու հնարավորության կապակցությամբ:
Flydubai ավիաընկերության փոխնախագահը նշել է, որ շնորհիվ այդ քայլերի, ԱՄԷ-ից բավականին մեծ ուղևորահոսք է ակնկալվում դեպի ՀՀ: Ուղևորահոսքի աճը կնպաստի նաև ՀՀ-ում զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը:
Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ առաջիկայում նախատեսվում է ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստանի Հանրապետություն՝ հետագա համագործակցության մանրամասները քննարկելու նպատակով: