Նորություններ
Օդային երթևեկության կազմակերպման սիմպոզիում՝ նվիրված «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի հիմնադրման 20-ամյակին
28/09/2017ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր մասնակցել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության կողմից նախաձեռնած Օդային երթևեկության կազմակերպման սիմպոզիումին` նվիրված ընկերության հիմնադրման 20-ամյակին:
Միջոցառմանը մասնակցել են ԻԿԱՕ-ի արևելյան անդամ-պետությունների, հայտնի ավիացիոն միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ընդհանուր 65 հոգի:
Սերգեյ Ավետիսյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել միջոցառմանը մասնակցելու համար: «Այս տարի տոնում ենք «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության հիմնադրման 20-ամյակը և որը վստահելի և կայուն գործընկեր է», - նշել է ՔԱԳՎ պետը և իր գործընկերներին արդյունավետ աշխատաքներ մաղթել:
Նշենք, որ համաձայն միջազգային պահանջների, «Հայաէրոնավիգացիա» ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին՝ Հայաստանի Հանրապետության աերոնավիգացիոն սպասարկում իրականացնելու նպատակով:
«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանն իր խոսքում նշել է, որ այս տարի Օդային երթևեկության կազմակերպման սիմպոզիումն անց է կացվում Հայաստանում, որտեղ քննարկվում են օդային երթևեկության կազմակեպմանը վերաբերող հարցեր, որոնք կնպաստեն երկրների համահունչ զարգացմանը:
Տեղեկացնենք նաև՝ միջազգային ավելի քան 900 ավիաընկերություններ չվերթներ են կատարում Հայաստանի օդային տարածքով և օգտվում են ՀՀ աերոնավիգացիոն ծառայություններից, որոնք իրականացվում են թռիչքների անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումների կիրառմամբ, որի շնորհիվ «Հայաէրոնավիգացիա» ընկերությունը ձեռք է բերել վստահելի գործընկերոջ հեղինակություն միջազգային ավիացիոն հանրության շրջանականերում:
Հավելենք նաև, որ 2017թ. հունվար-օգոստոս ամիսներին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ տարանցիկ թռիչքները գրանցել են 70,62 տոկոս աճ, իսկ թռիչք-վայրէջքները՝ 22,1 տոկոս աճ: