Նորություններ
«Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ն պատրաստ է թռիչքներ իրականացնելուն
21/06/2018Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանն այսօր՝ հունիսի 21-ին, օդանավ շահագործողի վկայական է հանձնել Հայաստանում հիմնադրված «Արմենիան հելիքոփթերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Ընկերությունն այսուհետ ամերիկյան Robinson R66 և մոտ ապագայում նաև եվրոպական AIRBUS EC130T2 ուղղաթիռներով ոչ կանոնավոր (չարտերային) չվերթներ կիրականացնի ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ ՀՀ քաղաքացիներին և զբոսաշրջիկներին հնարավորություն ընձեռելով տեսարժան վայրերը բացահայտել թռչնի թռիչքի բարձրությունից:
Ընկերության գործունեությունը կարող է նպաստել Հայաստանում փոքր ավիացիայի զարգացմանը և Հայաստանի հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրության բարձրացմանը:
Հիշեցնենք, որ ընկերությունը նախատեսում է առաջիկա երեք տարիների ընթացքում իրականացնել շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և ստեղծել նոր աշխատատեղեր: